Հայաստանի Հանրապետություն

Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

Մայրաքաղաքը՝
Երևան

Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:

Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։

 Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության/1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)

Մեր Հայրենիք, ազատ անկախ,

Որ ապրել է դարե դար

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,

Բայց երանի՝ որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

 Սահմանադրությունը՝
Առաջին Սահմանադրությունն
ընդունվել է1995 թ. հուլիսի5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Գործող Սահմանադրությունն
ընդունվել է2005 թ. նոյեմբերի27-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:

www.gov.am

Պատմություն

Հնադարյան երկիրը` արհավիրքների դեմ պայքարում

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է հին Հայաստանի միայն մի մասը, որը ձգվում էր Փոքր Կովկասից հարավ, Հայկական լեռնաշխարհով մինչեւ Տավրոսի լեռներ: Հաճախակի երկրաշարժերը մինչ օրս հիշեցնում են, որ երկրամասը գտնվում է երկրաբանական մեծ ճեղքվածքի մոտ` ասիական եւ աֆրիկյան մայրցամաքային հիմքերի միջեւ: Հայկական լեռնաշխարհը վեր է խոյանում անմիջապես մերձակա տարածքների վրա: Աշխարհագրությունը, անկասկած, առանցքային դեր է խաղացել Հայաստանի պատմության եւ մշակույթի մեջ: Ձեւավորելով կապող օղակ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ եւ հանդիսանալով առեւտրի հիմնական մայրուղի` թվում էր, թե Հայաստանին վիճակված չէ պայքարել արհավիրքների դեմ: Երկիրը իր զգալի հարստություններով եւ ներմուծման համար ռազմավարական դիրքով հանդիսանում էր կռվախնձոր տարածաշրջանի շատ ‹գերտերությունների› համար: Դարեր շարունակ հայերը մշտական պայքարի մեջ էին զավթիչների եւ նվաճողների` ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարթեւների, արաբների եւ թուրքերի դեմ, որոնք ժամանակ առ ժամանակ պատերազմում էին` տիրելով երկրին, թեեւ ոչ առանց ամենահամառ դիմադրության: Այս բուռն հարյուրամյակների ընթացքում, հայերը հաջողությամբ պահպանեցին իրենց պատմական ինքնությունն ու ազգային ժառանգությունը` հակառակ ամեն ինչի: Չնայած նման արհավիրքների հայերին հիմնականում հաջողվում էր պահպանել ազգային ինքնավարությունը: Պատմությունը նպաստել է բազմազան եւ յուրահատուկ մշակույթի ձեւավորմանը` հիմնված սոցիալական, ինտելեկտուալ եւ կրոնական գործոնների վրա:

Հայ ժողովրդի արմատները

Հայկական բանահյուսությունը պահպանել է մի քանի առասպել հայ ժողովրդի ծագման մասին: Դրանցից հիմնականը պատմում է Հայկի` հայերի նույնանուն հերոսի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ հայերը իրենց անվանում էին «հայ», իսկ իրենց երկիրը` Հայք կամ Հայաստան: Հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին բավականին մանրամասն նկարագրում է Արամի սխրանքները, որի համբավը տարածվում էր իր երկրի սահմաններից շատ հեռու: Հարեւան ժողովուրդները այս մարդկանց անվանում էին արմեններ կամ հայեր: Հնագիտությունը Հայաստանի նախապատմությունը դասում է աշելյան դարաշրջանին /500.000 տարի առաջ/, երբ որսորդությամբ եւ հավաքչությամբ զբաղվող ժողովուրդները երկրներ էին անցնում` հետեւելով արոտավայրեր փնտրող հոտերին: Բարգավաճման առաջին շրջանը Հայկական լեռնաշխարհի բնակիչների մոտ մ.թ.ա. երրորդ հազարամյակում էր: Հայերն այն մարդկանց թվում էին էին, որ հայտնագործեցին բրոնզը, անիվը, սկսեցին խաղող աճեցնել: Առաջին գրավոր հիշատակությունները Հայաստանի բնակիչների մասին Խեթական թագավորության հիերոգլիֆներն են` փորագրած մ.թ.ա. 1388-1347 թթ. Փոքր Ասիայում: Գտնված ամենավաղ մակագրությունը, որը վերաբերում է հենց հայկական հողերին, փորագրված մ.թ.ա. 1114 թ. ասորիների կողմից, նկարագրում է Հայաստանի կենտրոնական շրջանի արքաների միությունը` անվանելով նրանց «Նաիրիի ժողովուրդ»:

Ուրարտու. Հայկական առաջին թագավորությունը

Մ.թ.ա. 9-րդ դարում տեղական ցեղերի համադաշնությունը աճեց եւ դարձավ միասնական պետություն` Ուրարտու: Այն զարգանում էր` դառնալով Մերձավոր Արեւելքի ամենաուժեղ պետություններից մեկը եւ տարածաշրջանում գերիշխանության համար Ասորեստանի վտանգավոր հակառակորդը: Ուրարտացիները արտադրում եւ արտահանում էին իրեր կերամիկայից, քարից եւ մետաղից, կառուցում էին ամրոցներ, վանքեր, պալատներ եւ հասարակական այլ խոշոր գործեր: Ոռոգման ջրանցքներից մեկը մինչ օրս օգտագործվում է Երեւանում` Հայաստանի մայրաքաղաքում` քաղաքում, որը կանգնած է հին ուրարտական բերդի` Էրեբունու վրա:

Պարսկական տիրապետությունը

Վեցերորդ դարում Ուրարտուն անցավ Մարաստանին, բայց դրանից շատ չանցած` Մարաստանի գրավումը պարսիկների կողմից` Կյուրոս Մեծի գլխավորությամբ, դուրս մղեց նրանց: Մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ: Վերջինիս մշակույթն ու զրադաշտական կրոնը մեծ ազդեցություն գործեցին հայ ժողովրդի հոգեւոր կյանքի վրա, որը ներմուծեց զրադաշտականության առանձնահատկությունները իր բազմաստվածային եւ ոգեպաշտական դավանանքների մեջ: Իբրեւ Պարսկական տիրապետության տակ Հայաստանը բաժանվեց նահանգների` սատրապությունների, որոնցից յուրաքանչյուրը ուներ տեղացի ղեկավար` սատրապ, որը վերահսկվում էր պարսիկ պաշտոնյայի կողմից: Հայերը մեծ տուրքեր էին վճարում պարսիկներին, որոնք հարկահանությանը զուգահեռ անընդհատ բռնագրավում էին հայերի ունեցվածքը: Երվանդունիների արքայական ընտանիքից կառավարող սատրապները ղեկավարում էին երկիրը մոտ 200 տարի, մինչեւ Ասիա արեւմուտքից ներխուժեցին հույները:

Հայաստանի բաժանումը

Մ.թ.ա. 331թ. Պարսկական կայսրության տարածքում Ալեքսանդր Մակեդոնացու իշխանության հաստատումից հետո հույները նոր սատրապ նշանակեցին` կառավարելու Հայաստանը` Երվանդունիներից Միհրանին: Հունական կայսրությունում, որը ձգվում էր ողջ Ասիայով եւ Եվրոպայով, քաղաքներն արագ էին աճում` տարածելով հելլենիստական ճարտարապետությունը, կրոնը եւ փիլիսոփայությունը: Հունական ազդեցությունը զգալի էր նաեւ հայկական մշակույթի վրա: Գտնվելով Չինաստանը, Հնդկաստանը եւ Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովի հետ կապող առեւտրական ճանապարհների հատման կենտրոնում` հայկական քաղաքները ծաղկում էին ապրում շնորհիվ տնտեսական փոխանակման: Հույների ազդեցությունը մեծ էր նաեւ զրադաշտականության հայկական տարբերակի ստեղծման գործում` սեփական դավանանքների կրոնական առանձնահատկություններով: Մ.թ.ա. 323 թ. Ալեքսանդր Մակեդոնացու հանկարծակի մահից հետո նրա կայսրության բաժանումը եւ նրա գեներալների միջեւ պատերազմը հանգեցրին երեք հունական արքայությունների ստեղծմանը: Չնայած Սելեւկյանների միապետության կողմից ճնշմանը`երեք արքայություններից մեկը` Երվանդունիների արքայությունը, պահպանեց վերահսկողությունը երեք հունական արքայություններից ամենամեծի նկատմամբ, որում Հայաստանն ինքը բաժանվեց Մեծ Հայաստանի, Փոքր Հայաստանի եւ Ծոփքի:

Հայաստանի վերածնունդը. Տիգրան Մեծ

Սելեւկյանների տիրապետությունը Հայաստանի նկատմամբ վերջնականապես ավարտվեց, երբ մ.թ.ա. երկրորդ դարում տեղացի գեներալ Արտաշեսը իրեն հռչակեց Մեծ Հայքի արքա եւ մ.թ.ա. 189թ. հիմնադրեց նոր արքայատոհմ: Արտաշեսը ընդարձակեց իր տարածքը` որոշակիացնելով երկրի սահմանները եւ միավորելով հայ ժողովրդին: Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան II Մեծի կառավարման օրոք /մ.թ.ա. 95-55թթ./, ով իրեն հռչակեց «արքայից արքա»: Տիգրան II-ի օրոք Հայաստանն ավելացրեց իր ռազմական ներուժը եւ քաղաքական ազդեցությունը: Ըստ հույն պատմիչ Պլուտարքոսի` հռոմեացի զորավար Լուկուլոսը այս արքայի մասին ասել է. «Հայաստանում իշխում է Տիգրանը` շրջապատված այն հզորությամբ, որը հետ վերցրեց Ասիան պարթեւներից, հույն գաղութարարներին մղեց դեպի Մարաստան, նվաճեց Սիրիան եւ Պաղեստինը եւ կտրեց դրանք Սելեւկյաններից»: Իսկ հռոմեական հռետոր եւ քաղաքական գործիչ Ցիցերոնը Տիգրան Մեծի մասին գրում է. «Նա Հռոմին ստիպեց դողալ իր զինված ուժերի հզորության առջեւ»: Հայաստանի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով:

Արշակունիների արքայատոհմ

Տիգրան Մեծի. որդին` Արտավազդ II-ը, թագավորեց Մեծ Հայքում 20 տարի, մինչեւ Անտոնիոսը եւ Կլեոպատրան նրան շղթայված բերեցին Եգիպտոս: Արտավազդը հրաժարվեց Կլեոպատրային թագուհի անվանել եւ գլխատվեց: Մ.թ.ա. 64 թ. Արշակունիների նոր արքայատոհմը` պարթեւական Արշակունիների ճյուղը, եկավ իշխանության, եւ երկիրը ընդհանուր առմամբ շուտով դարձավ բուֆերային գոտի, որտեղ գերիշխանության համար պայքարում էին հռոմեացիներն ու պարթեւները:

Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը

Հայաստանի պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը քրիստոնեության ընդունումն է: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպ, եւ դրանով դարձավ արեւմտյան աշխարհի մի մաս: Գրիգոր Լուսավորչի կողմից որպես քրիստոնյա մկրտված Տրդատ III-ը 301 թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Դա Կոնստանտին կայսեր կողմից Միլանի հրովարտակի հռչակումից 12 տարի առաջ էր. դրանով հռչակվում էր հանդուրժողականություն Հռոմեական կայսրությունում բնակվող քրիստոնյաների նկատմամբ: Հետագայում սրբերի շարքը դասված Գրիգոր Լուսավորիչը ընտրվեց նոր հայկական ազգային եկեղեցու առաջին Կաթողիկոս: Բաժանված հայ ժողովրդի համար 405 թ. հայ գրերի ստեղծումը դարձավ յուրահատուկ միավորիչ գործոն: Գիտնական եւ հոգեւորական Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենի ստեղծեց 36 տառ /3 տառերը ավելացվել են ավելի ուշ/, ինչը շրջակա երկրների հետ համեմատությամբ առանձնահատուկ դարձրեց Հայաստանը լեզվաբանորեն եւ հոգեւոր տեսանկյունից: Այբուբենը, որում առկա են շատ հատուկ բաղաձայններ, անփոփոխ է արդեն 1600 տարի:

Պայքար հավատի համար

Քրիստոնեական հավատի ընդունումը անխուսափելի կերպով իր հետ բերեց քաղաքական բնույթի բարդություններ եւ լուրջ տագնապ հարուցեց հարեւան Պարսկաստանում: Սասանյանների կողմից կառավարվող պարսիկները օգտվեցին Հայաստանի ներքին թուլությունից եւ արշավ սկսեցին քրիստոնեությունը արմատախիլ անելու եւ այն զրադաշտականությամբ փոխարինելու համար: Այդ համընդհանուր վտանգի առաջ իշխանները, պալատականները եւ հայ ազգը միավորվեցին եւ 451 թվականին Ավարայրի դաշտում սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ հերոսաբար մարտնչեցին պարսիկների դեմ: Պարսիկներն ունեին մեծ թվային առավելություն, եւ հայերը պարտություն կրեցին. Վարդան Մամիկոնյանը եւ բազում այլ քաջորդիներ ընկան մարտի դաշտում: Ավարայրի ճակատամարտում պարտությունից հետո պարտիզանական պատերազմը շարունակվեց լեռնային շրջաններում: Վարդան Մամիկոնյանի տոհմից Վահան, գլխավորեց ժողովրդական պայքարը, որի արդյունքում 484 թ. Նվարսակի ճակատամարտում հայերի տարած հաղթանակից հետո վերականգնվեց դավանանքի ազատություն եւ Հայաստանը ստացավ որոշակի ինքնավարություն:

Բագրատունիների արքայատոհմ

Յոթերորդ դարում արաբները ներխուժեցին Հայաստան եւ գրավեցին երկիրը: 9-րդ դարից սկսած Հայաստանում սկսվեց անկախության ժամանակաշրջան, երբ Բագրատունիների հզոր արքայատոհմը պահպանում էր իր քաղաքական իշխանությունը: Միջազգային առեւտրի վերականգնումը բերեց գեղարվեստական եւ գրական գործունեության ծաղկման եւ վերածննդի: Մայրաքաղաք Անիի բնակչությունը 100 հազար էր, ավելի քան Եվրոպայի ցանկացած քաղաքային կենտրոնում: Կրոնական կյանքը ծաղկում էր ապրում եւ Անին հայտնի էր որպես «հազար եւ մեկ եկեղեցիների քաղաք»: 11-րդ դարի կեսին, Հայաստանի մեծ մասը գրավեց Բյուզանդիան:

Կիլիկիայի հայկական թագավորությունը

Բագրատունիների թագավորության անկումն ավարտվեց Միջին Ասիայից նոր զավթիչների` սելջուկ-թուրքերի արշավանքներով: Հանդիպելով փոքր դիմադրության թուլացած Բյուզանդիայի կողմից` սելջուկ-թուրքերը տարածվեցին Փոքր Ասիայում, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհում: Այդ ներխուժումը ստիպեց մեծ քանակությամբ հայերի շարժվել դեպի հարավ` Տավրոսի լեռների կողմը, ավելի մոտ Միջերկրական ծովին, որտեղ էր 1080 թվականին Ռուբենի գլխավորությամբ (Ռուբինյանների արքայատոհմ) նրանք հիմնադրեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը: Սերտ հարաբերությունները խաչակիրների եւ Եվրոպայի հետ բերեցին արեւմտաեվրոպական մտքի տարածմանը, ֆեոդալական հասարակարգի հաստատմանը: Կիլիկյան Հայաստանը դարձավ բարոնների, ասպետների եւ գյուղացիների երկիր: Կիլիկիայի դատավորները կրում էին եվրոպական հագուստ: Հայերենի հետ հավասարապես օգտագործվում էին լատիներենն ու ֆրանսերենն օգտագործվում էին մեկտեղ: Կիլիկյան ժամանակաշրջանը համարվում է հայկական լուսավորչականության ոսկե դարը, որը հայտնի է իր զարդանախշերի առատությամբ եւ արեւմտյան մանրանկարների վրա ազդեցությամբ: Կիլիկիայի աշխարհագրական դիրքը Միջերկրական ծովի ափին հնարավորություն ընձեռեց կիլիկյան հայերին ներգրավվել միջազգային առեւտրի մեջ Արեւմտյան Ասիայի եւ Եվրոպայի հետ: Մոտ 300 տարի Կիլիկիայի հայկական թագավորությունը ծաղկում էր, սակայն 1375 թվականին այն անցավ Եգիպտոսի մամլուքներին: Կիլիկիայի վերջին միապետը` Լեւոն 6-րդ թագավորը մահացավ ֆրանսիական Կալե քաղաքում 1393 թվականին, իսկ նրա աճյունը ամփոփված է Սեն-Դենիում (Փարիզի մոտ)` Ֆրանսիայի արքաների դամբարանում:

Պարսկական տիրապետությունը Արեւելյան Հայաստանում

Այն ժամանակ, երբ հայերը ծաղկում էին ապրում Կիլիկյան թագավորությունում, Արեւելյան Հայաստանում ապրող հայերը ենթարկվում էին մոնղոլների ասպատակություններին: Ավելի ուշ` 16-րդ եւ 17-րդ դդ. Հայաստանը բաժանված էր Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ: Հայկական լեռնաշխարհի զավթումից հետո հայերը կորցրին անկախ քաղաքական կյանքի հնարավորությունը: Պարսից Շահ Աբաս I–ը վարում էր ամբողջական հայկական շրջանների բնակչության տեղահանման քաղաքականություն, որպեսզի Օսմանյան կայսրության առաջխաղացման ճանապարհին ամայի տարածքներ ստեղծի եւ փորձառու առեւտրականների եւ արհեստագործների դասին տանի իր նոր մայրաքաղաք Սպահան: Նոր Ջուղայի` Սպահանի արվարձանի հայկական համայնքը վայելում էր Շահ Աբաս 1-ինի հովանավորությունը եւ դարձավ Սեֆյան Պարսկաստանի տնտեսական հիմնասյուներից մեկը: Պարսիկները իշխում էին Արեւելյան Հայաստանում մինչեւ 1828 թ., երբ այն միացվեց Ռուսաստանին: Այդ ժամանակահատվածում պատմական Հայաստանի մեծ մասը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

Օսմանյան կայսրությունը եւ հայերի ցեղասպանությունը

19-րդ դարում օսմանյան տիրապետության տակ ապրող հայերը տառապում էին խտրականությունից, բարձր հարկերից եւ զինված հարձակումներից, որոնք կազմակերպվում եւ իրականացվում էին կենտրոնական եւ տեղական իշխանությունների թողտվությամբ: Որպես քրիստոնյաների` հայերին չէր տրվում իրավական պաշտպանություն անարդարությունների դեպքում: Նրանց նկատմամբ անտանելի չափերով հարկահանություն էր իրականացվում, հայերին արգելվում էր զենք կրել մի երկրում, որտեղ ոչ մահմեդականների սպանությունը հաճախ անպատիժ էր մնում, ու նրանք իրավունք չունեին դատարանում վկայություն տալ իրենց անունից: 19-րդ դարի վերջը նշանավորվեց վախճանվող Օսմանյան կայսրության անհանդուրժողական քաղաքականությամբ, որն իր գագաթնակետին հասավ 1894-1896 թթ. հայկական մարզերում զանգվածային ջարդերի ժամանակ, որն ուղեկցվում էր նաեւ տեղ-տեղ հայերի կողմից դիմադրությամբ: Հայերի ունեցած այն հույսերը, թե 1908թ. երիտթուրքերի իշխանության գալը կարող է ավելի լավ ժամանակներ բերել, շուտով հօդս ցնդեցին: Որովհետեւ 1909թ. գարնանը եւս մեկ արյունահեղություն տեղի ունեցավ Ադանայում, որի հետեւանքով համառ դիմադրությունից հետո 30000 հայեր զոհվեցին: Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարության համար լավ հնարավորություն ստեղծեց լուծելու «հայերի խնդիրը»: 1915թ. ռազմական գաղտնի հրաման արձակվեց ձերբակալել եւ շտապ ոչնչացնել հայկական համայնքի ղեկավարներին: Օսմանյան բանակում ծառայող հայազգի տղամարդիկ առանձնացվեցին, զինաթափվեցին եւ գազանաբար սպանվեցին: Կոնստանդնուպոլսի կառավարությունը տեղահանեց ողջ հայկական բնակչությանը: Քաղաքների եւ գյուղերի հայերը քշվեցին Սիրիայի, Միջագետքի եւ արաբական անապատներ: Բռնի տեղահանման եւ «վերաբնակեցման» ընթացքում շատ հայեր ծեծվելով սպանվեցին, ցցի նստեցվեցին, կենդանի թաղվեցին, նրանցից շատերը խեղդվեցին գետերում, գլխատվեցին եւ սովամահ եղան: Ցեղասպանությունը ուղեկցվում էր աննկարագրելի դաժանություններով եւ հայերի շարժական եւ անշարժ գույքի բռնագրավմամբ: 20-րդ դարի այս առաջին ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ զոհվեց: Զանգվածային ջարդերի հերթական ալիքները տեղի ունեցան Բաքվում /1918/, Շուշիում /1920/ եւ այլ վայրերում:

Հայաստանի 1-ին Հանրապետությունը եւ խորհրդային իշխանությունը

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը եւ Ռուսական կայսրության փլուզումը հայերին հնարավորություն տվեց` հռչակելու իրենց անկախությունը: Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում թուրքերի դեմ տարած հաղթանակներից հետո 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորաստեղծ հանրապետությունը հանդիպեց անհաղթահարելի դժվարությունների` պատերազմ, շրջափակում, գաղթականներ: Սակայն նույնիսկ այս պայմաններում հայերը իրենց ողջ եռանդն ուղղեցին իրենց երկրի վերականգնման հրատապ խնդիրների լուծմանը: Միաժամանակ թուրքերի եւ բոլշեւիկների կողմից ճնշման պատճառով Հանրապետությունը 1920 թ. դադարեց գոյություն ունենալ: Խորհրդային Կարմիր բանակը մտավ Արեւելյան Հայաստանի եւ 1920 թ. նոյեմբերի 29-ին հռչակեց այն խորհրդային Հանրապետություն: Հայաստանը մտավ Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության կազմի մեջ 1922 թ., իսկ 1936 թ. այն դարձավ Խորհրդային Միության մաս կազմող հանրապետություններից մեկը: 20-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքը ծաղկում էր ապրում, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդյունաբերության ճյուղերը զարգանում էին: 1980-ականներին ողջ Խորհրդային Միությունում տեղի ունեցող բուռն փոփոխությունները անխուսափելիորեն ազդեցություն ունեցան նաեւ Հայաստանի վրա:

Անկախություն

1988 թ. Հայաստանում սկսվեց շարժում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերի, վերջիններիս` իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող սահմանադրական պայքարում: /Առավելապես հայերով բնակեցված այս տարածաշրջանը Ստալինի ցուցումով Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921 թ. անօրինական որոշմամբ հանձնվել էր Ադրբեջանին: Նույն` 1988թ., Հայաստանը մեծապես տուժեց ուժեղ երկրաշարժից, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, իսկ մատակարարումները ինչպես Խորհրդային Միությունից, այնպես էլ Արեւմուտքից արգելափակված էին Ադրբեջանի կառավարության կողմից, որը խորհրդային ԿԳԲ-ի հատուկ ուժերի օգնությամբ էթնիկ զտումներ էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Այս երկու հարցերը գերակայություն ունեին Հայաստանի քաղաքական ասպարեզում` սկսած խորհրդային շրջանում Հայաստանում անցկացված առաջին ժողովրդավարական ընտրություններից: 1990թ. Հայոց համազգային շարժումը խորհրդարանում զբաղեցրեց ձայների մեծամասնությունը եւ ձեւավորեց կառավարություն: 1990 թ. օգոտոստոի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ բնակչությունը համապետական հանրաքվեի ժամանակ ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին, եւ ստեղծվեց անկախ Հայաստանը: Անկախությունից հետո Հայաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում էր. նորանկախ հանրապետությունը ստիպված էր դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային եւ Թուրքիայի շրջափակմանը, ապաստան տրամադրել Ադրբեջանից տեղահանված 400.000 հայերին, ինչպես նաեւ օգնել Արցախի հայերին` պաշտպանվելու էթնիկ զտումների եւ լայնածավալ ռազմական գործողությունների ադրբեջանական քաղաքականությունից: Հայաստանի եւ Սփյուռքի օգնությամբ Արցախի հայերին հաջողվեց հաղթանակ տանել պատերազմում, ստեղծել անվտանգության գոտի Լեռնային Ղարաբաղի շուրջը եւ ստիպել Ադրբեջանին հրադադար կնքել: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի դիվանագիտության գերակայություններից մեկը:
www.mfa.am

Հայաստանի մայրաքաղաքները

Արմավիր

Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը: Ավերակները Երասխ գետի ձախ ափին են՝ ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան, Արմավիր և Ջրաշեն գյուղերի բարձունքների վրա: Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը: Քաղաքը նաև պետության հեթանոսական պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր՝ քրմապետի նստավայրը:

Արքունիքը Երվանդաշատ տեղափոխվելուց հետո Արմավիրը կորցրել է իր նշանակությունը և մատենագրության մեջ արդեն հիշատակվել է որպես «լքված մայրաքաղաք»: Այն իր գոյությունը պահպանել է մինչև V դարը, որից հետո այլևս իբրև քաղաք չի հիշատակվել: Հայ մատենագիրներից բացի՝ Արմավիրը հիշատակել է նաև հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը (90–160 թթ.):

1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր (այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում): 

Վան

Վանն աշխարհի հնագույն այն քաղաքներից է, որ գոյություն ունի հիմնադրման օրվանից: Հայտնի է նաև Տուշպա, Բիաինա, Տոսպ, Երվանդավան, Վանտոսպ, Քաղաքն Շամիրամա և այլ անուններով: Կառուցվել է Վանա լճի ափից 2–3 կմ արևելք՝ Վասպուրական նահանգի Տոսպ գավառում: 

Ավանդությունը քաղաքի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի Շամիրամ թագուհուն, սակայն իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824 թթ.), անվանել է Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի է ընդարձակվել մ. թ. ա. VIII–VII դարերում: Ենթադրվում է, որ մ. թ. ա. VI դարում Երվանդունիները Վանը դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: 908–1021 թթ-ին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը:

1555 թ-ի Ամասիայի և 1639 թ-ի Կասրե-Շիրինի թուրք-պարսկական հաշտության պայմանագրերով քաղաքն անցել է օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի (նահանգ) կենտրոնը: XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ քաղաքն զգալիորեն տուժել է 1648 թ-ի երկրաշարժերից: 1862 թ-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը:

Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր:

XX դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10-ը՝ գործող: 1914 թ-ին քաղաքում գործել են Կեդրոնական և Երամյան վարժարանները, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Սբ Հակոբի, Նորաշենի, Հանկույսերի (արական), թաղային Սանդխտյան օրիորդաց դպրոցները: Երամյան և Կեդրոնական վարժարանների շրջանավարտները հրատարակել են «Երկունք» խմորատիպ ամսագիրը: 1906 թ-ի աշնանից լույս է տեսել «Նոր սերունդ» ամսաթերթը, ավելի ուշ՝ «Հայացք», 1910 թ-ից՝ ՀՀԴ կուսակցության «Աշխատանք», 1911 թ-ից՝ Սահմանադիր ռամկավար կուսակցության «Վան-Տոսպ» թերթերը:

XIX դարի 2-րդ կեսից Վանն Արևմտյան Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններից էր: Ըստ Վանի առաջնորդարանի տվյալների՝ Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին քաղաքն ուներ 34 հզ. հայ, 21 հզ. թուրք բնակիչներ: Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շրջակա գավառների հայերի հետ դիմել է ինքնապաշտպանության, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը կազմավորել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1915 թ-ի հուլիսի 2-ին ռուսական զորքերի անսպասելի նահանջի պատճառով բնակչությունը հարկադրված թողել է քաղաքը և գաղթել Արևելյան Հայաստան: Մի քանի օր անց ռուսական զորքերը վերագրավել են Վանը. բնակիչների մի մասը վերադարձել է քաղաք: Կազմավորվել է Վասպուրականի իշխանություն՝ Կոստի Համբարձումյանի գլխավորությամբ: Սակայն 1918 թ-ի փետրվարին թուրքերը կրկին հարձակվել են, և հայերն ստիպված դարձյալ գաղթել են:

Վանի հիշարժան կառույցներից էին Երամյան վարժարանի նոր շենքը (1903– 1907 թթ.), Աշխատանքի տունը (1911– 1912 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի), Վարժապետանոցի երկհարկանի շենքը (1912 թ.): Վանը միջնադարյան հայ գրչության ու մշակույթի, ինչպես նաև Վասպուրականի մանրանկարչության դպրոցի մեծ կենտրոններից էր:

Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, պետական գործիչ Աղասի Խանջյանը, գրող Գուրգեն Մահարին, ռեժիսոր Վարդան Աճեմյանը, ճարտարապետության պատմաբան Վարազդատ Հարությունյանը և ուրիշներ:

Վանի արվեստի ընտիր գործեր են պահվում ՀՊԹ-ում, Ժողովրդական արվեստի, Ազգագրության պետական (Սարդարապատի հուշահամալիր), Էջմիածնի վանքի և այլ թանգարաններում:

Ներկայումս Վանը Թուրքիայի Հանրապետության համանուն իլի (նահանգ) կենտրոնն է՝ 50 հզ. բնակչությամբ: Թուրքերից բացի՝ քաղաքում բնակվում են նաև քրդեր: 

Երվանդաշատ

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին: Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում: Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում: Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին: 

Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը:

Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը: 

Արտաշատ

Արտաշատը (կոչվել է նաև Արտաքսատա, Արտաշիր և այլն) Հայաստանի մայրաքաղաքն էր մ. թ. ա. II – մ. թ. IV դարերում: Հիմնադրել է Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189–160 թթ.) Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում՝ այժմյան Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք՝ Խոր վիրապի վանքի շրջակայքում: Հետագայում Մեծամորը (Սև ջուր) փոխել է իր հունը և Երասխ է թափվում վաղեմի քաղաքի տեղավայրից հյուսիս-արևմուտք: Արտաշատի մասին, հայ մատենագիրներից բացի, վկայում են նաև հունական ու հռոմեական աղբյուրները:

Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է կարթագենացի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Արտաշես Ա-ի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հռոմեացիներն այն անվանել են Հայկական Կարթագեն: Հռոմեացի զորավար Կորբուլոնը մ. թ. 58 թ-ին գրավել, իսկ 59 թ-ին ավերել ու  հրկիզել  է Արտաշատը: Քաղաքը վերակառուցվել է 66 թ-ին, որի համար Հռոմի Ներոն կայսրը Հայոց արքա Տրդատ Ա-ին տրամադրել է նյութական միջոցներ և արհեստավորներ: Ի նշան շնորհակալության` մ. թ. 67 թ-ին քաղաքն անվանվել է Ներոնիա, բայց այդ անունը շուտով մոռացվել է:

Քաղաքը ծաղկման ու զարգացման շրջանում (մ. թ. ա. I – մ. թ. II դարեր) ունեցել է ավելի քան 150 հզ. բնակիչ:

Արտաշատը եղել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, որի դերը մեծացել է հատկապես I–II դարերում. հայկական «Արքունական» ճանապարհով կապված էր Տիգրանակերտի ու Միջագետքի երկրների հետ: Արտաշատի կնքադրոշմներում ներկայացված են Հին աշխարհի շատ երկրներ՝ Հնդկաստանից մինչև Հռոմ և հյուսիսային մերձսևծովյան երկրներից մինչև Եգիպտոս: Հայտնաբերվել են հայկական և հարևան 9 երկրների (սելևկյան, պարսկական, պոնտական, հռոմեական և այլն) դրամներ: 

Արտաշատը նաև հելլենիստական մշակույթի հայտնի կենտրոն էր: 368 թ-ին Պարսից Շապուհ II արքան, ի թիվս Հայաստանի այլ քաղաքների, ավերել է նաև Արտաշատը:

Տիգրանակերտ

Տիգրանակերտը Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում էր՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին (այժմ՝ Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում): Հիմնադրել է Տիգրան Բ Մեծը մ. թ. ա. 70-ական թվականների սկզբին, իր թագադրման վայրում: 

Տիգրանակերտից է սկսվել Մանազկերտով ու Զարեհավանով Արտաշատ տանող հայկական «Արքունական» ճանապարհը: Քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է հելլենիստական Արևելքի հռչակավոր կենտրոններից: Ենթադրվում է, որ ծաղկուն շրջանում ունեցել է շուրջ 100 հզ. բնակիչ: Շուրջ 5-ամսյա համառ դիմադրությունից հետո՝ մ. թ. ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ին, հռոմեացի զորավար Լուկուլլոսը նվաճել է Տիգրանակերտը: Տիգրան Բ-ի մահից (մ. թ. ա. 55 թ.) հետո այն դադարել է մայրաքաղաք լինելուց, թեև շարունակել է պահել ռազմավարական նշանակությունը: Հայ Աշակունիների (I–V դարեր) օրոք Հարավային Հայաստանի խոշոր քաղաքներից էր և Աղձնիքի բդեշխության կենտրոնը: Տիգրանակերտը խիստ տուժել է III–IV դարերի հռոմեա-պարսկական պատերազմների ընթացքում: 350-ական թվականներին քաղաքը գրավել և հիմնովին ավերել է Պարսից Շապուհ II-ը՝ բնակիչների մեծագույն մասին գերեվարելով Պարսկաստան: Տիգրանակերտը լիովին ամայացել է և այլևս չի վերաշինվել: 

Տիգրանակերտ և Տիգրանավան անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև Հայաստանի այլ վայրերում և Արցախում (ընդհանուր թվով` 7 քաղաք):

Վաղարշապատ

Վաղարշապատը (կոչվել է նաև Ավան Վարդգեսի, Էջմիածին և այլն) գտնվում է Երևանից 18 կմ արևմուտք (այժմ` ՀՀ Արմավիրի մարզում): 

Երվանդ Սակավակյաց  թագավորի օրոք (մ. թ. ա. 570–560 թթ.) հիմնադրել է վերջինիս փեսա Վարդգես Մանուկը և կոչել Վարդգեսավան: Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117–140 թթ.) քաղաքը պարսպապատել, բարեկարգել և վերանվանել է Վաղարշապատ՝ դարձնելով թագավորական երկրորդ աթոռանիստը (Արտաշատից հետո)`  մինչև հայ Արշակունյաց արքայատոհմի անկումը (428 թ.): Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թ.) հետո, երբ այստեղ հիմնադրվել է Էջմիածնի Մայր տաճարը (302–303 թթ.): Քաղաքը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսության գահանիստ (ընդհատումներով): Հայոց գրերի գյուտից (405 թ.) հետո Մեսրոպ Մաշտոցը վերադարձել է Վաղարշապատ: Կաթողիկոս Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատում են հիմնադրել առաջին հայկական դպրոցը:

484–486 թթ-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է Սբ Էջմիածնի վանքը, իսկ վանքի հոգաբարձու, պատմիչ Ղազար Փարպեցու ջանքերով հիմնադրվել է հայոց առաջին մատենադարանը, Վաղարշապատը դարձել է հայ գրչության կենտրոն:

XI դարից՝ թյուրք-սելջուկների, ապա թաթար-մոնղոլների նվաճումների ժամանակ, մինչև XV դարը, Վաղարշապատը կորցրել է իր երբեմի շուքը, բայց 1441 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը Սսից Սբ Էջմիածնում վերահաստատվելուց հետո քաղաքը նոր շունչ է առել ու վերակենդանացել: Մայր տաճարից (IV դար) և Հռիփսիմեի ու Գայանեի (VII դար) եկեղեցիներից բացի՝ կառուցվել են Շողակաթի եկեղեցին (1694 թ., Աղամալ Շոռոթեցու միջոցներով) և այլ շինություններ: 

Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու ջանքերով 1771 թ-ին Վաղարշապատում հիմնադրվել է Հայաստանի առաջին տպարանը, 1776 թ-ին կառուցվել է թղթի առաջին գործարանը (թղթատուն): 

1828 թ-ին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո դարձել է Երևանի նահանգի Վաղարշապատի գավառի կենտրոնը: 

XIX դարի վերջից Վաղարշապատը դարձել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից. քաղաք են հրավիրվել գիտության ու մշակույթի երևելի գործիչներ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան), Հովհաննես Հովհաննիսյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Եղիշե Թադևոսյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Գարեգին Հովսեփյանը և ուրիշներ: 

Քաղաքի հատակագիծը կազմվել է 1925 թ-ին՝ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ: Վաղարշապատի (1945– 1995 թթ-ին՝ Էջմիածին) տարածքն ընդլայնվել է. կառուցվել են բնակելի նոր թաղամասեր՝ Զվարթնոցը, Հարավայինը, ինչպես նաև սակավահարկ շինարարության մի քանի գոտի: 

Դվին

Դվինը հաջորդել է Արտաշատին: Հիմնադրել է Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը (330–338 թթ.)՝ Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է նաև Ոստան Դվնո): Դվինի մերձակայքում տնկվել են Տաճար մայրու և Խոսրովակերտ անտառները: Վերջինս պահպանվել է ցայժմ և կոչվում է Խոսրովի անտառ: Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը V դարի կեսից դարձել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքը: 

Վաղարշապատից հետո Դվինը 484– 931 թթ-ին եղել է Հայոց կաթողիկոսության աթոռանիստը: VI–VIII դարերում Դվինում գումարվել են համազգային նշանակության ժողովներ: 

VII–IX դարերում Դվինը եղել է խալիֆության Արմինիա վարչամիավորման նստավայր, որտեղ արաբ ոստիկաններն ունեցել են դրամ հատելու իրավունք: Նրանց թողարկած պղնձե և արծաթե դրամները՝ Դվին (Դաբիլ) մակագրությամբ, տարածվել են Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլուր: 

Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից (885 թ.) հետո Դվինը նոր տնտեսական վերելք է ապրել: Արաբ մատենագիրների վկայությամբ՝ Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդե ու մետաքսե գործվածքներ, գորգեր, բազմոցներ, հախճապակե առարկաներ, որդան կարմիր և այլն: Ծաղկուն շրջանում ունեցել է 100 հզ-ից ավելի բնակչություն: 

1020-ական թվականներից հետո Դվինում իշխել են մահմեդական ամիրները, իսկ XI դարի 2-րդ կեսին այն զավթել են սելջուկ-թյուրքերը: 1203 թ-ին քաղաքն ազատագրել են Զաքարյան իշխանները և միացրել Շիրակի իրենց տիրույթներին: Դվինը լիովին ավերվել է Ջալալ էդ Դինի 1255 թ-ի արշավանքների ժամանակ: 

Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

Բագրատունյաց թագավորությունն իր 160-ամյա պատմության ընթացքում փոխել է 4 մայրաքաղաք՝ Բագարան, Շիրակավան, Կարս և Անի:

Բագարան

Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական նշանակությունը:

IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են Լենկթեմուրի հրոսակները:

1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:

Շիրակավան

Շիրակավանը (սկզբում կոչվել է Երազգավորս, Երազգավորք) հաջորդել է Բագարանին և Սմբատ Ա ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք: Կառուցվել է Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի տեղում): VII դարում հիշատակվում է որպես գյուղ, IX դարի կեսին՝ գյուղաքաղաք: Արքայանիստ դառնալուց հետո վերածվել է քաղաքի: Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջափակված էր պաշտպանական պարիսպներով: Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների 1064 թ-ի արշավանքի ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը:

Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, հնչյունափոխվելով, դարձել է Շորագյալ: XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ: Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում:

Կարս

Կարսը (կոչվել է նաև Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս և այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրությամբ: Աշոտ Բ Երկաթի մահվանից հետո գահ բարձրացած Կարսի կառավարիչ Աբաս Բագրատունին (928–953 թթ.) արքունիքը տեղափոխել է Կարս և այն դարձրել Հայաստանի նոր մայրաքաղաքը: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմածն արքայանիստ է դարձրել Անին: 963 թ-ին նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Մուշեղը, իրեն հռչակել է Վանանդի թագավոր՝ Կարսը դարձնելով թագավորության (գոյություն է ունեցել մինչև 1065 թ.) կենտրոն: Մուշեղի հաջորդի և որդու՝ Աբասի (984–1029 թթ.) օրոք Կարսը բարեկարգվել և տնտեսապես հզորացել է: XI դարի 2-րդ կեսից – XII դարի վերջերը նրան տիրել են թյուրք-սելջուկները:

1639 թ-ի թուրք-պարսկական պայմանագրով Կարսն անցել է Թուրքիային: Մինչև 1670 թ. Վանանդի եպիսկոպոսանիստն էր:

1877 թ-ի նոյեմբերի 6-ին ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի գլխավորությամբ գրավել է Կարսը, դարձրել Ռուսական կայսրության նորակազմ վարչամիավորի` Կարսի մարզի կենտրոնը: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են  Կարսը և կոտորել 8 հզ. հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ (2010 թ.) այն 65 հզ. բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը:

Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաև հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես և Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:

Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

ՀՀ տոներ և հիշատակի օրեր

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը -Ամանոր եւ Օննդյան տոներ Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին  2-ին Ամանոր, հունվարի 3-ին. 4-ին եւ 5-ին նախածննդյան տոներ, հունվարի 6-ին Սուրբ Յնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքին օրեր)

Հունվարի 7-Սեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)

Հունվարի 28-Բանակի օր (ոչ աշխատանքային օր)

Փետրվարի 21-Մայրենի լեզվի օր

Փետրվարի 28-Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բոնագադթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Մարտի 8-Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)

Ապրիլի 1-Երգիծանքի եւ հումորի օր

Ապրիլի 7-Մայրության եւ գեդեցկության տոն

Ապրիլի 24-Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր):

Մայիսի 1-Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)

Մայիսի 8-Երկրապահի օր

Մայիսի 9- Հադթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)

Մայիսի 28-Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)

Հունիսի 1-Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Հունիսի 14 -Բռնադատվածնհրի հիշատակի օր

Հուլիսի 5-Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)

Սեպտեմբերի 1-Գիտելիքի եւ դպրության օր

Սեպտեմբերի 21-Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)

Հոկտեմբերի առաջին կիրակի օրը -Ուսուցչի օր

Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը- Թարգմանչաց տոն

Դեկտեմբերի 7-Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ` հինգշաբթի օրը Սուրբ Վարդանանց տոն բարի գործի եւ ազգային տուրքի օր

Սուրբ Զատկից 64 օր անց կիրակի օրը- Սուրբ Էջմիածնի տոն