Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

 Մարդկային  հասարակությունն  ունի բազմադարյան պատմություն, որի ընթացքում մարդիկ հանդես են եկել գործունեության տարբեր ձևերով և հենվելով փոխադարձ ընդունելի  սկզբունքների  վրա կատարելագործել աշխատանքային գործունեության պայամանները:
 Հայտնի է, որ մարդիկ սնունդ հայթայթելու համար առաջին քայլերը կատարել են անհատական գործունեություն ծավալելու միջոցով և հաճախ չեն կարողացել դիմակայել բնության ու կենդանական աշխարհի տարաբնույթ, դժվար  հաղթահարելի գործոնների ազդեցությունը: Պատմական փորձը ցույց է տալիս, որ մարդիկ սկսում են աստիճանաբար դիմագրավել բնության փորձություններին այն դեպքում, երբ սկսում են հանդես գալ համայնքներով, խմբերով. մարդկանց միջև տեղի է ունենում աշխատանքի և գործառույթների բաշխում խնդիրներ լուծելու ժամանակ: Սկզբնական փուլում այդ համախմբումը ուղղված է եղել ոչ թե շահ ստանալուն, այլ խմբերի գոյատևմանը:
Կարևոր չէ, թե ինչ ուժի կամ միջոցների է տիրապետում մարդը: Նա միայնակ միշտ թույլ է բնության տարաբնույթ ուժերի և հասարակության  հանդեպ և այստեղ է, որ անհատական աշխատանքների ինտեգրման շնորհիվ ստեղծվում է այնպիսի արդյունք, որն ավելի մեծ է, քան տարբեր անհատների առանձին-առանձին աշխատանքային գործունեության արդյունքները միասին վերցրած:
Այդ է պատճառը, որ նախնական էտապում մարդիկ համագործակցության մեջ են մտել  ոչ թե պարտադրանքով, այլ ելնելով տնտեսական գոյատևման անհրաժեշտությունից: Որոշակի խնդիրներ լուծելու նպատակով նրանց միավորումը ոչ թե այս կամ այն սուբյեկտի միջամտության հետևանք է, այլ անվտանգ, բարվոք միջավայր ունենալուն և հանգիստ ապրելու պայմաններ ապահովելուն ուղղված կամավոր որոշում: Եվ այսօր` բարդ տնտեսական հարաբերությունների պայմաններում յուրաքանչյուր անհատի գործունեությունը, նախաձեռնությունը դիտվում է որպես կոլեկտիվ համագործակցություն, քանի որ նրանք գործում են միևնույն տնտեսական միջավայրում, որտեղ բոլոր գործատուները, արտադրողները սպառողները,կապված են բազմաթիվ թելերով և մեկի գոյությունն անհնար է առանց մյուսների հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու:
Այս առումով համագործակցության սկզբունքների, ձևերի, կոոպերատիվների կազմակերպման բազմաթիվ հարցերի իմացությունն անհրաժեշտ է և վերջնական արդյունքները պայմանավորված են ինչպես դրանց լիարժեք իմացությամբ, այնպես էլ գործնականում ճիշտ կիրառմամբ:
Կոոպերացիոն հարաբերությունների ձևավորման անհրաժեշտության, նախադրյալների ստեղծման և առավելությունների վերաբերյալ հարցերը բազմիցս են շոշափվել  ու բերվել անվիճելի հիմնավորումներ:  Բազմաթիվ երկրներում գյուղատնտեսության զարգացումը, ագրարային քաղաքականության հաջողությունը  պայմանավորված են տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատման, հատկապես գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման մեխանիզմների մշակման, դրանց կազմակերպման աջակցելուն ուղղված հետևողական քաղաքականությամբ:
Համաշխարհային փորձով ապացուցված է, որ փոքր գյուղացիական տնտեսություններն իրացման շուկաների և ֆինանսական ծառայությունների մատչելիությանը կարող են հասնել առավելապես կոոպերացման միջոցով, քանի որ կոոպերատիվների տնտեսական մոդելը հիմնված է կամավորության և հատկապես փոխօգնության սկզբունքների վրա: Ի դեպ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ի տարբերությւոն մյուս կառույցների, կոոպերատիվ բանկերը և վարկային միությունները  ոչ թե սննկացման են ենթարկվում  , այլ հակառակը` կարողանում են ընդարձակել  իրենց գործունության շրջանակները, քանի որ այստեղ գործում են ամուր և սերտ սկզբունքեր:
Կոոպերատիվ հասկացությանը  լիարժեք չտիրապետելը հաճախ ոչ համարժեք տպավորություն է ստեղծում բնակչության տարբեր շերտերի մոտ: Համապատասխան տեղեկատվության բացակայության  դեպքում նրանց մոտ առաջանում են խելաթյուրված մոտեցումներ:  Կոոպերացիա բառն ունի լատինական ծագում` cooperation: Այն կազմված է ,co  ,collectu ,opera  արմատներից, որոնցից առաջինը նշանակում է միացնել, կուտակել, համատեղել ,իսկ երկրորդը` աշխատանք, գործողություն, առանց որի  որևէ խնդիր հնարավոր չէ լուծել, այսինքն` աշխատանքի, գործունեության միացում կամ համատեղ ջանքերի միավորում: Սա մարդկանց, կազմակերպությունների ու պետության համագործակցության միջոցով  նախանշված նպատակներին հասնելու և ընդհանուր խնդիրներ լուծելու լավագույն ձևերից մեկն է:
Համագործակցության բնորոշ հատկությունն այն է, որ , գործունեություն ծավալելիս միջոցների միավորումը, համատեղումը, ավելի շատ արդյունք են ապահովում, քան այդ միջոցների առանձին գործունեության արդյունքները միասին վերցրած: Այսինքն` մաթեմատիկական ձևակերպմամբ նպատակային ֆունկցիայի արդյունքում, եթե առանձին գյուղացիական տնտեսությունների արդյունքների հանրագումարը կազմում է X, ապա դրանց համատեղման դեպքում` մասշտաբի  էֆֆեկտի հիման վրա այն ապահովում է X+^X գումարը:  Ըստ այս հանրահայտ մոտեցման` անբավարար միջոցների պայմաններում, միատեսակ խնդիրները  դյուրին դարձնելու համար ուժերի, միջոցների կենտրոնացումն անհրաժեշտություն է:

ԴՈՑԵՆՏ   Հ. Ս. ՋԱՎԱԴՅԱՆ Տնտեսական գիտությունների թեկնածու

Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը

Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը

Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը անդամների ոչ լիարժեք մասնակցությունն է։ Կոոպերատիվի գարգացման համար անդամները պետք է մասնակցություն ցուցաբերեն հետևյալ 3 մակարդակներում`

 ա) մասնակցություն ներդրումներով (միջոցներ, աշխատուժ,ապրանքների առաքում),

բ) մասնակցություն որոշումների կայացմանը, որպես ընդհանուր ժողովի անդամ, որևէ հանձնաժողովի, խմբի կամ վարչության անդամ,

գ) մասնակցություն ռիսկերի մեղմացմանը և օգուտների բաշխմանը։

 Կոոպերատիվները, ինչպես   մնացած   բիզնես   կառույցները, պետք է ճկուն լինեն և հարմարվեն փոփոխվող իրավիճակներին։Ներկայումս ամբողջ աշխարհի կոոպերատիվ կազմակերպությունները կանգնած են նոր տնտեսական և քաղաքական միջավայրին, անդամների պահանջկոտությանը և նոր շուկայական պայմաններ հարմարվելու և ձևափոխվելու մարտահրավերների առջև։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է սովորել արտադրության նոր տեխնոլոգիաներ, բիզնեսի կազմակերպման և կառավարման նոր մեթոդներ, գտնել նոր ուղիներ կոոպերատիվի անդամների հավատարմությունը և նվիրվածությունը պահպանելու և գարգացնելու համար։
Սրան կարելի է հասնել ակտիվ մասնակցության, հաղորդակցման և տեղեկատվության փոխանցման միջոցով՝ ընդունելով այն վւաստը,որ կոոպերատիվի հիմնական գործողությունները արդյունավետ կերպով բավարարում են անդամների կարիքները։

Տնտեսական օգուտները

Հրապուրիչ լինելու համար կոոպերատիվը պետք է առաջարկի առավելություններ, որոնք բացակայում են այլ տարբերակների դեպքում: Կոոպերատիվն իր անդամների համար կարող է առաջարկել մի շարք տնտեսական օգուտներ.-  Անդամների համար գյուղներդրանքների և նյութատեխնիկական մատակարարումների գինն ավելի ցածր է լինում, քանի որ դրանք կոոպերատիվի պարագայում կարելի է գնել մեծածախ ծավալներով` դրանով իսկ կոոպերատիվին հնարավորություն ընձեռելով սակարկելու և իջեցնելու գները, որի հնարավորությունն անհատ ֆերմերը չունի:-  Կարելի է ապահովել բավարար չափով և լավ որակի ներդրանքներ, քանի որ կոոպերատիվր բանակցությունների միջոցով ապահովում է ներդրանքի երաշխավորված քանակ և որակ: Սրանով կարելի է նվազեցնել գների հաճախակի տատանումները:- Արտադրանքդ կոոպերատիվի միջոցով վաճառելու դեպքում ֆերմերին կարելի է լավագույն մեծածախ գներ առաջարկել` դրանով իսկ ավելացնելով նրա եկամուտները:- Անդամները կարող են համատեղ ձեռնարկել գործունեության նոր ուղղություններ` արտադրության ամբողջ շղթայում շարունակաբար ապահովելով արտաղրանքի հավելյալ արժեք:- Ֆերմերներին կարելի է մատուցել նոր ծառայություններ, որոնք տեղում դեռևս ոչ ոք չի մատուցում կամ որոնց միջոցով կարելի է մատչելի դարձնել արտաքին ռեսարսներր ե ծառայությունները:- Ֆերմերները կարող են խուսափել կապակցված շուկաներից, օրինակ` երբ ներդրանքի ձեռքբերումը կամ արտադրանքի իրացումը կապված է վարկի տրամադրման հետ:-Շուկայում կարող են ավելանալ մրցակցությունը և թափանցիկությունը, դրանով իսկ վերացնելով առևտրի մենաշնորհները և անդամների համար ապահովելով առք ու վաճառքի ավելի լավ գներ:

1. Ինչ է կոոպերատիվը,  Կոոպերատիվներն` ըստ գործունեության հիմնական ձևերի

2. Կոոպերատիվ շարժումը աշխարհում

3.Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը

4.Սպառողական կոոպերատիվները կնպաստեն գյուղական եկամուտների ավելացմանը

հետ դեպի Գյուղատնտեսական Կոոպերատիվ>>

Ինչ է կոոպերատիվը

Կոոպերատիվների անդամների իրավունքները, պարտականությունները

Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

Կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը և համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ