Շիրակի մարզ, գյուղ Բասեն

Գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 14 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ախուրյան Մեծ, Քեփենեկ Մեծ, Քյափանակ Մեծ անվանումները: Մուսայելյան է վերանվանվել 1935 թ-ին ի հիշատակ հեղափոխական գործիչ Մուսաեյլանի:
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի փեշերին, մեղմաթեք սարալանջին` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:
Գյուղն ունի 1842 թ-ի կառուցված եկեղեցի: Մոտակայքում կան գյուղատեղիներ, խաչքարեր:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Խնուսի և Բասենի գավառներից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 512,1897 թ-ին` 1892, 1926թ.-ին` 1394, 1939 թ-ին` 1667, 1959 թ-ին` 1439, 1970 թ-ին` 1606, 1979 թ-ին` 1420 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1744 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 19%: Ունի 507 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1440հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 187 և 1195 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: