Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Շիրակի ԳԱՄկ

Կոմպոտներ


Կոմպոտներ

Կոմպոտներ

Կոմպոտի համար  ընտրած միրգը պետք է լինի հասունացած,  բայց ամուր պտղամսով, թարմ, առողջ և անվնաս:  Պտուղները,  նախքան բանկաների մեջ դասավորելը, ենթարկում են տեսակավորման` առանձնացնելով ոչ պիտանիները:  Հեռացնում են նաև նրանց պտղակոթը  և լավ լվանում սառը ջրում:  Այնուհետև, նայած պտղի  տեսակին, համապատասխանորեն նախապատրաստում են, խիտ դասավորում ապակե բանկաների մեջ և ավելացնում համապատասխան խտությամբ շաքարաջուր` եռացրած  վիճակում, հետո ծածկում են  կափարիչով, մանրէազերծման ( ստերիլացման ) ենթարկում  և անմիջապես հերմետիկ փակում:  Ցանկալի է, որ բանկայի  մեջ եղած պտուղներն ունենան  միատեսակ  չափեր:  Համեղ կոմպոտներ են ստացվում նաև  մի շարք պտուղների  խառնուրդից ( դեղձ,  խնձոր,  տանձ):  

ԾԻՐԱՆԻ ԿՈՄՊՈՏ - Ծիրանի  կոմպոտ  կարելի է պատրաստել կորիզով և առանց կորիզի:  Մեծ տարայում նպատակահարմար է պատրաստել կորիզով կոմպոտ, իսկ եթե տարան փոքր է իսկ ծիրանը խոշոր`  առանց կորիզի:  Լավ կոմպոտ է ստացվում ՙշալախ՚ և ՙսաթենի՚ տեսակների ծիրաններից:  Կոմպոտի համար ընտրված  ծիրանը պետք է լինի թարմ, հասուն,   բայց ամուր  պտղամսով  և անվնաս: Ծիրանից հեռացնում են  պտղակոթը  և սառը  ջրով  լվանում:  Այնուհետև խիտ դասավորում են ապակե բանկաների մեջ և վրան  ավելացնում են նախօրոք  պատրաստած, եռացրած  շաքարաջուր (1 լիտր ջրին` 200-250 գրամ շաքարավազ)այն հաշվով,  որ այն ծածկի  բանկաների մեջ  դասավորված պտուղները:  Նախապատրաստած բանկաները  ծածկում են  կափարիչներով  ու ենթարկում մանրէազերծման : 1լ.-ոց տարայով 15-20րոպե,  2լ.-20ր.,  3լ.-30 րոպե : 

ԴԵՂՁԻ ԿՈՄՊՈՏ- Կոմպոտի դեղձը պետք է լինի թարմ, հասունացած,  ամուր պտղամսով, անվնաս:  Դեղձի կոմպոտը նույնպես կարելի է պատրաստել կորիզով և առանց կորիզի: Մեծ տարայում նպատակահարմար  է պատրաստել կորիզով կոմպոտ, իսկ  եթե տարան փոքր է, դեղձը  խոշոր`  առանց կորիզի:  Այնուհետև թե կորիզով և  թե  առանց կորիզի  կոմպոտ եփելու դեպքում  սուր դանակով հավասարաչափ,  բարակ  շերտով  հեռացնում  են  պտղի  կեղևը:  Ապա  խիտ դասավորում են ապակե բանկաների մեջ և  վրան ավելացնում եռացրած շաքարաջուր: Դեղձի կոմպոտին  ավելացվում  է շաքարաջուր ( 1  լիտր ջրին` 200-250 գրամ շաքարավազ):  Նախապատրաստած  բանկաները ծածկում են կափարիչներով և մանրէազերծման  ենթարկում, հերմետիկ փակում:  

ՍԵՐԿԵՎԻԼԻ  ԿՈՄՊՈՏ -Թարմ, հասունացած, առողջ  պտուղները լվանում են, բաժանում են  շերտերի,  սուր դանակով  հեռացնում պտղի կեղևն ու միջուկը, ապա եռացող ջրի  մեջ 3-5  րոպե խաշում և անմիջապես սառը ջրով սառեցնում (նուրբ պտղամիս ունեցող տեսակները չեն խաշում):  Մաքրած պտուղները  խիտ դասավորում են  ապակե բանկաների մեջ,  ավելացնում եռացրած շաքարաջուր ( 1 լիտր ջրին` 200-250 գրամ շաքարավազ): Նախապատրաստած բանկաները ծածկում են կափարիչներով, ենթարկում մանրէազերծման և հերմետիկ փակում:  

ԽՆՁՈՐԻ  ԿՈՄՊՈՏ - Թարմ,  առողջ, անվնաս  պտուղները  բաժանում են 2 կամ 4 մասի, սուր դանակով հավասար  շերտերով հեռացնում են կեղևը  և  միջուկը: Մաքրած պտուղները խիտ դասավորում են ապակե  բանկաների մեջ, ավելացնում եռացրած շաքարաջուր (1 լիտր ջրին` 200-250 գրամ շաքարավազ):  Նախապատրաստած բանկաները ծածկում են կափարիչներով, ենթարկում  մանրէազերծման և հերմետիկ փակում:  

 ՀՈՆԻ ԿՈՄՊՈՏ -Թարմ, առողջ, մսոտ հոնից  հեռացնում են  պտղակոթը և լվանում սառը ջրով:   Ապա լցնում են ապակե բանկաների մեջ և վրան ավելացնում եռացրած շաքարաջուր (1 լիտր ջրին` 250-300 գրամ շաքարավազ): Շաքարաջուրը լցնում  են այնքան, որ պտուղները ծածկվեն: Ապա  բանկաները  ծածկում են կափարիչներով, ենթարկում մանրէազերծման և հերմետիկ փակում:                                                                           

ԲԱԼԻ ԵՎ ԿԵՌԱՍԻ ԿՈՄՊՈՏ - Խոշոր, թարմ, ամուր պտղամսով,  առողջ պտուղներից հեռացնում են  նրանց պտղակոթը,  մաքուր լվանում են  սառը ջրով և  (խիտ) դասավորում  ապակե  բանկաների մեջ ( լցնելուց հետո բանկան թափահարում են, որպեսզի որքան հնարավոր է շատ լցվի):  Այնուհետև ավելացնում են եռացրած  շաքարաջուր, բալին` (1 լիտր ջրին` 250-300 գրամ շաքարավազ), կեռասին` (1 լիտր ջրին` 200 գրամ շաքարավազ): Նախապատրաստած բանկաները  ծածկում են  կափարիչներով, ենթարկում  մանրէազերծման և հերմետիկ փակում:  

ՍԱԼՈՐԻ ԿՈՄՊՈՏ - Հասունացած, թարմ, առողջ,  անվնաս, ամուր  պտղամսով  սալորի պտուղները տեսակավորում են`, հեռացնելով պտղակոթը և ոչ պիտանիները: Ապա սառը ջրում լավ   լվանում են և խիտ դասավորում ապակե բանկաների մեջ`  վրան ավելացնելով եռացրած  շաքարաջուր  (1 լիտր ջրին` 250-300 գրամ  շաքարավազ),  այն հաշվով,  որպեսզի պտուղները ծածկվեն:  Նախապատրաստած բանկաները ծածկում են կափարիչներով,  ենթարկու մանրէազերծման և հերմետիկ փակում:  

Դոշաբներ>>

Մսի վերամշակում>>

Կաթի վերամշակում>>

Թթուներ և մարինադներ>>

Չրերի պատրաստում>>

Կոմպոտներ>>

Ջեմեր և պովիդլոներ>>

Մուրաբաներ>>

Հայկական տորթեր>>


To top